Մերսում

Մերսումը բուժման մեթոդ է, որն իրականացվում է մարդու մարմնի մակերևույթին և օրգաններին ձեռքով մեխանիկական և ռեֆլեկտոր գրգիռներ հաղորդելով։

Մերսումն արդյունավետ մեթոդ է հանդիսանում աշխատունակության վերականգնման, հոգնածության վերացման, մի շարք հիվանդությունների կանխարգելման և առողջության բարելավման համար:

Մարդու օրգանիզմի վրա մերսման ներգործությունը պայմանավորված է նյարդառեֆլեքսային, հումորալ և մեխանիկական ազդեցությամբ:

Նյարդառեֆլեքսային կարգավորում - Նյարդառեֆլեքսային կարգավորման գործոնը գրգռում է բազմաթիվ մաշկային, ջլային, կապանային, մկանային, անոթային և նյարդային վերջույթներ, որն էլ նպաստում է օրգանիզմի տարբեր համակարգերի ֆունկցիաների փոփոխմանը:

Հումորալ կարգավորում - Մերսման ազդեցության ներքո հյուսվածքներում ակտիվանում են բարձր ակտիվություն ունեցող նյութեր, որոնք ձևավորում են հորմոններ: Գտնվելով մաշկի մեջ՝ մերսման հետևանքով վերջիններս ակտիվանում են, ներծծվում են արյան մեջ, և տարածվելով ամբողջ օրգանիզմով, առանձնահատուկ ազդեցություն են գործում:

Մեխանիկական ազդեցություն - Մերսումը նաև անմիջական մեխանիկական ազդեցություն ունի մաշկի, մկանների և մյուս հյուսվածքների վրա, խթանում է սնուցումը, բարձրացնում է տոնուսը, արդյունավետորեն ներգործում է օրգանների և հյուսվածքների ֆունկցիոնալ ակտիվության վրա:

Մերսումը ներկայումս հանդիսանում է ոչ դեղորայքային բուժման ամենատարածված և արդյունավետ մեթոդներից մեկը:

Մերսումն անմիջական ազդեցություն ունի ինչպես ընկալիչների վրա, որոնք գտնվում են մարդու մարմնի մակերեսի վրա, այնպես էլ՝ առավել խորքային ազդեցություն ունի (մկաններ, արյան անոթներ, ներքին օրգաններ):

Ճիշտ ընտրված մեթոդիկան բարելավում է արյան շրջանառությունը և ավշային արտահոսքը ներքին օրգաններից և հյուսվածքներից, խթանում է կենսաբանորեն ակտիվ նյութերի ներթափանցումն արյան մեջ, որոնք նպաստում են մարմնի պաշտպանական ուժերի բարձրացմանը: